Jump to content

Կոնստանդին Գունդստաբլ (13-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանդին Գունդստաբլ (այլ կիրառումներ)
Կոնստանդին Գունդստաբլ
Ծնվել է՝մոտ 1180
Մահացել է՝1263
ՏոհմՀեթումյաններ
Լորդ
ՀայրՎասակ Պապեռոնցի
Մայրանհայտ[1]
ԵրեխաներՍտեփանիա Հեթումյան, Սմբատ Սպարապետ, Հեթում Ա, Օշին Հեթումյան, Բարսեղ Մաշկևորցի, Լևոն Հեթումյան, Կալա-Մարիա Հեթումյան, Ստեփանիա Հեթումյան, Հռիփսիմե Հեթումյան, Հովհաննես Արքաեղբայր, Վասակ Հեթումյան, Լիկոս Հեթումյան, անանուն Հեթումյան, Կոստանդին Հեթումյան և Stephanie de Barba'ron?[1]

Կոստանդին (մոտ 1180 - 1263), գունդստաբլ, պայլ, թագավորահայր և ավագ պարոն Կիլիկյան Հայաստանում։ Լևոն Բ թագավորի քեռու՝ Պապեռոն բերդի տեր Վասակ իշխանի որդին։

1212 թվականից վարել է Հայոց բանակի գունդստաբլության գործակալությունը։ 1216 թվականի հունվարի 25-ին Կապան բերդը պաշարած Իկոնիայի սելջուկյան թուրքերի դեմ Շողականի ճակատամարտում Կոստանդինի հեծելագունդը, օգնություն չստանալով Սիր Ադանի գլխավորած հետևակ զորաթևից, պարտվեց և մի շարք զորականների հետ գերեվարվեց։ Լևոն Բ 1219 թվականի սկզբին փրկագնով ազատեց Կոստանդնին և Սիր Ադան պայլի հետ կարգեց իր գահաժառանգ դստեր՝ Զապելի խնամակալներ։ Լևոն Բ-ի մահից հետո Կոռիկոս բերդի տեր Վահրամ մարաջախտը և Ալիծի որդին՝ գահավեժ Ռուբեն-Ռայմոնդը, Տարսոնի հույների աջակցությամբ փորձեցին զավթել Հայոց գահը։ Կոստանդինը Ադանայի մոտ, ապա Տարսոնում հաղթեց ապստամբներին, Վահրամին մահապատժի ենթարկեց և բռնագրավեց նրա կալվածները, իսկ Ռուբեն-Ռայմոնդին բանտարկեց Տարսոնում, որտեղ և նա մահացավ։ 1221 թվականին Կոստանդինը ասպարեզից հանեց նաև լատինամոլ Սիր Ադան պայլին և երկրի կառավարումը կենտրոնացրեց իր ձեռքում։ Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսի մահից հետո Կոստանդինի առաջարկով Հայոց կաթողիկոս օծվեց իր համախոհ և ազգական Կոնստանդին Ա Բարձրաբերդցին։ Չհակառակվելով հայ իշխանների մեծամասնության ցանկությունը՝ Կոստանդինը 1221 թվականին 7-ամյա Զապելին հետ պսակեց Անտիոքի դուքս Բոհեմունդ IV Միակնանու որդու Ֆիլիպին և նրան օծեց Հայոց թագավոր։ Սակայն Ֆիլիպը սկսեց արքունիք ներմուծել լատինական ծեսեր ու սովորույթներ, կալվածքներ պարգևել յուրայիններին և հոր խորհրդով արքունի գանձերը, Լևոն Բ-ի ոսկյա թագը, գահը ուղարկեց Անտիոք։ 1223 թվականին գումարված հայ աշխարհաժողովի որոշմամբ Կոստանդինը Ֆիլիպին բանտարկեց և երկրի կառավարումը վերցրեց իր ձեռքը։ Հայ իշխանների համաձայնությամբ 9-ամյա Զապելին պսակելով իր 11-ամյա որդու Հեթում Ա-ի հետ՝ նրան հռչակեց թագաժառանգ։ Կոստանդինը կարգվեց թագավորահայր և ավագ պարոն։ Երկրի հյուսիսային սահմաններն ամրապնդելու համար Կոստանդինը շուտով խաղաղության և բարեկամության պայմանագիր հաստատեց Իկոնիայի սուլթանության հետ։ Կոստանդինի հմուտ քաղաքականության շնորհիվ հաղթահարվեցին ներքին երկպառակությունները, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին երկրի տնտեսության և մշակույթի վերելքի համար։ Նա ծավալուն շինարարական գործունեության մասին վկայում են ինչպես հայ պատմիչները, այնպես էլ նրա անունով պահպանված արձանագրությունները։ Պետական կառավարումը կենտրոնացնելով իր ընտանիքի՝ Հեթումյանների ձեռքը, Կոստանդինը մինչև մահը եղավ Հեթում Ա-ի գահակիցն ու իմաստուն խորհրդականը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 612